Pages

Saturday 8 March 2014

Բնագիտամաթեմատիկական հոսք: Երբ գժվում են շտեմարանները


Առնվազն մազոխիստություն էր բնագիտամաթեմատիկական հոսքում պատմություն դասավանդելը:

Այն դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում, որ լաբորատորիա չուներ: Ամեն տեսակի թթու ու քարշիչ պահարաններ` ինչքան ուզես, բայց լաբորատորիա չուներ ու ոչ էլ երբևէ կունենա:

Կատաղած երեխեք էին:

Բացառապես թեորիայով զինված կատաղած երեխեք:

Բարձր-բարձր համոզում էին, որ քլորը թունավոր գազ է, բայց իրենք էլ չէին հավատում:

Շատ լուրջ դեմքի արտահայտությամբ միջոցներ էին փնտրում ռադիոակտիվ ճառագայթումից պաշտպանվելու համար, բայց իրենք էլ չգիտեին` ինչու: Չէին հավատում, որ ռադիոակտիվ ճառագայթումը վնասակար է լինում: Չէին տեսել: Միայն լսել ու կարդացել էին: Դասագիրքն ու ուսուցչի պատմած դասը երբեք բավավար չի լինում, որ սրանց նման կատաղած երեխեքը հավատան:

Նրանք պզուկոտ ճակատներ ունեին: Քորված, քորված, արյունոտ ճակատներ: Բոլորը:

Նրանք հաճախ էին նստում ու սպասում խնդիրներ լուծող ուսուցչին:

Մեկի գրոտած ձեռքը վերև բարձրացավ: Այն մեկի, ում դիմացը հաստ-հաստ շտեմարաններ էին ու հին, սովետական հաշվիչներ: Չէր հավատում մի հաշվիչին: Մնացածով վերստուգում էր: Վերջում գումարում էր կոշիկի համարն ու արմատ հանում` պատասխանը ստանալու համար:

- Իսկ եկեղեցիներում վայ-ֆայ կա?- հարցրեց:

Շատ լուրջ էր հարցնում: Ու նույնիսկ երբ հասկացավ, որ իր մտքերն է հանկարծ բարձրաձայնել, չէր նահանջում: Կատաղած էր եկեղեցու վրա:

- Հատկապես Մայր Աթոռում, կամ ոնց են դրան ասում… Դե, էն եկեղեցու, որ միշտ ոսկեղեն ու նվերներ էր ստանում, որ հայերը բերանները փակեին: Կասեք, զառանցում եմ? Հա, զառանցում եմ: Եկեղեցին ինձ դեռ չի հասել, դրա համար էլ հանգիստ զառանցում եմ:
Ընկերները շարունակեցին: Երազկոտ մեկը ուղղեց վերնաշապիկն ու ոտքի կանգնեց: Չէր սիրում նստած խոսել, միշտ կանգնում էր:

- Գիտեք, որ վակուումը չի տաքանում? Ճնշում չի առաջացնում: Գիտեք, ինչ հրաշալի բան է վակուումը… Վակուումը ոչինչ է: Ձայն չի անցնում վակուումով: Դուք էնտեղ խոսում եք, իսկ ես էստեղ` վակուումից դեպի ինձ, ձեզ չեմ լսում: Նույնիսկ չեմ կասկածում, որ խոսում եք… Եթե չշնչեմ, կատարյալ լռություն է, հասկանում եք? Լռություն: Հրաշք բան է վակուումը:
Ասեց ու նստեց: Ֆիզիկա չէր պարապում: Ուղղակի սիրել էր էդ դասը: Կողքի շիկահեր տղան քիմիա էր պարապում: Արդեն երկրորդ տարին:

- Գիտեք, որ հեղուկ ազոտում ժամանակը կանգ է առնում?

Նրանք ինձ չէին լսում, իրար չէին լսում: Նրանք խոսում էին, բողոքում ու կատաղում:
Նրանք հոգնած էին: Անտանելի հոգնած:

- Տիեզերքում վակուում է: Բացարձակ լռություն ու բացարձակ լույս: Տիեզերքն էլ է հրաշք բան:

- Գիտեք, որ օճառը պայթուցիկից են սարքում? Էդ միտքն ինձ հանգիստ չի տալիս, ընկեր…

- Ձեր ազգանունը հինգ վանկ ունի: Իմը` երեք: Բայց եթե փորձեմ ձեր ազգանունը ճապոներեն գրել, ութ տառ կստացվի: Երկուսը` պուճուր, ինդեքսում գրվող տառեր, բայց մեկ է` տառ են:

- Ժպտացեք: Ժպտացեք ու գնացեք: Դպրոցը ձեզ ապագա չի, ընկե`ր, մեղկ եք:

- Չէ`: Սպասեք մենք ավարտենք, նոր գնացեք: Մենք էլ ենք մեղկ:

- Ու պառկեք, շատ պառկեք: Գիտեք, եթե աշխարհի բոլոր մարդիկ պառկեն, Երկրի վրա ճնշումը կթուլանա:

- Իսկ եթե բոլոր չինացիները կանգնեն աթոռների վրա ու միաժամանակ թռնեն գետնին, ուժը բավարար կլինի Երկրին ուղեծրից շեղելու համար: Ֆիզիկա սովորեք, ընկե`ր: Թե չէ... պատմություն: